Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Լսեք ձայնը» պարզապես գիրք չէ

«Լսեք ձայնը» պարզապես գիրք չէ
21.04.2022 | 20:46

Ապրիլի 20-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք Ձայնը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն ու գրքի ձևավորման համար օգտագործված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Վերֆելի նման գրական ու առհասարակ մտքի տիտանի այս գործն ունենալու համար հայ ընթերցողը պետք է շնորհակալ լինի գերմաներենից այն հայերենի վերածած Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին, իսկ պատկերազարդումների հարցում պարտական ենք մեր հրաշալի նկարիչ Մայիս Մխիթարյանին, ում ձեռագիրն անշփոթելի է իր ինքնության ու մտածողության կերպի մեջ։ Սա հիրավի այն դեպքն է, երբ փառահեղ գիրքը հանդիպել է իր խորագետ թարգմանչին՝ ոսկեղենիկ հայերենն իր ողջ համանվագի մեջ հնչեցնողին, ու փայլուն պատկերազարդողին:

Սակայն «Լսեք Ձայնը» աստվածախոսությունը մեր ձեռքին չէինք ունենա, եթե չլիներ գրքի թարգմանության, հրատարակության հոգսերն ուսերին առած Գրիգոր Մովսիսյան պատվարժան այրը, ով յուր տիկին Նաիրա Կարապետյանի հետ ազգի հոգևոր արժեքների, արժեհամակարգի պահպանման ու պաշտպանության, եկեղեցաշահ գործերի հետ մեկտեղ հետևողականորեն մեր իրականությունում զարգացնում է մեկենասության ավանդույթները:

Ներկայացման իր խոսքում գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հստակ նկատել տվեց Ֆրանց Վերֆելի ձեռամբ ու Երեմիա մարգարեի շուրթերով գրքի գլխավոր պատգամը՝ ազգային ծեսերի և ավանդությունների հետ մեկտեղ հավատացյալ անձի առանձին կրոնական կապի կարևորությունն իր Աստծո հետ, մարդու անհատական հաղորդակցությունը Բարձրյալի կողմից իրեն տրված հոգևոր ազդակներին։

Լայն ընդհանրականով զուգահեռելով Քրիստոսից առաջ 600 թվականներին հրեա ժողովրդին բաժին հասածի ամբողջությամբ համընկնումը 1915 թվին հայ ժողովրդին պատուհասածին՝ բանախոսը գրքի որպես երկրորդ ուղղորդիչ ազդակ նկատեց անցյալի առկայությունը ներկայի մեջ՝ ցուցանելով՝ եթե մարդկությունը չի հեռանալու իր մեղքերից, եթե վերստին չի գտնելու իր Աստծուն, ուրեմն շարունակաբար իր պատիժներն է կրելու։

Որքան էլ գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի դիտարկումները բանաձևային արժեքի են, հավելյալ հստակեցումների կարիք չունեցող, այդուհանդերձ հարկ ենք համարում գրքից մեջբերել մի հատված, որտեղ առանցքային ասելիքի հնչեցման մեջ բացարձակ անխառն է Ֆրանց Վերֆելի խոսքը ո դրանով իսկ մեզ հեռու է պահել հնարավոր անճշտություններից, քանի որ որևէ մտքի վերարտադրում միշտ ինչ-որ չափով իր մեջ այդ վտանգն ունի։ Անդրադառնալով 33 դար (իսկ մեզ համար՝ 34 -Մ․Հ․) առաջ Պաղեստինի ենթադրյալ գրավմանը՝ գիրքը (տես՝ էջ 22) ասում է․ «Իրականում պետք է ասել, որ եկվորներն իրենց հետ բերում են մի այնպիսի հզոր բան, որին մարդկային պատմությունը դրանից առաջ երբեք չէր հասել և ոչ էլ կհասնի։ Դա միակ արարիչ Աստծո գոյության գիտակցությունն էր, որն ստեղծել էր իրենց, իսկ իրենք էլ՝ Նրան․․․»

Վերադառնալով մեր այս օրերին, Հայաստանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ առանձնապես խորաթափանց լինելու հարկ չկա հասկանալու համար, որ հենց այս «միակ արարիչ Աստծո գոյության գիտակցության» կորուստն էլ մեզ բերեց, հասցրեց այս օրվան, այս տարաժամին։

Կույր պիտի լինել չտեսնելու համար, որ մենք մեր առօրյայում Աստծուն փոխարինել ենք ամեն ինչով։ Մենք նյութականացրել, փողայնացրել, փողի ենք վերածել հայրենիք, տուն, ընտանիք, ազգ, հավատ հասկացություններն ու այդ պատճառով էլ տանուլ ենք տալիս ամեն ինչում, տանուլ ենք տալիս մեր ամրության հիմնաբերդ Արցախում՝ չհասկանալով որ այդպես կոտրում ենք Հայաստանի ողնաշարը, բացում երկրի խորք, մայրաքաղաք բերող դարպասները, պարտություն պարտության հետևից ենք գրանցում զոմբիացվածների, ԼԳՏԲ-ականների, հերձվածողների, մեր ազգային արժեքները տորպեդահարողների դեմ պայքարում։ Հոգևոր արժեքներից դատարկվող մեր այս ժամանակներում մենք անդարձ կորցնում ենք մեր ամենանվիրականը՝ Հայրենիքը, խաչի վրա ենք հանում մեր ինքնությունը, մեր տեսակը, իսկ դրանից այն կողմ չգոյությունն է։

«Լսեք ձայնը» պարզապես գիրք չէ։ Այն դեպի Աստված դառնալու կոչ է, հրավեր, ու մենք պատավոր ենք ընկալել նրա ուղերձները, եթե չենք ուզում լինել պատմության ավարտված էջ։

Մարտին Հուրիխանյան

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Ֆրանց Վերֆելի «Երեմիա. Լսեք Ձայնը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Դիտվել է՝ 28352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ